Կառավարությունը, նաև այս նվիրատվությունը ընդունելով, այլ ընկերությունների այդ ուղերձը հղում է, որ ոչ թե Կառավարությանը նվիրատվություն անեն այլ բաց բաժնետիրացման քաղաքականություն վարեն, և մենք պետք է մեր քաղաքականությունները մշակենք այս տրամաբանությամբ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին Կառավարության որոշման նախագիծը։
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության ընդհանուր ժողովը, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, որոշում է կայացրել ՀՀ Կառավարությանը փոխանցել բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք 110 հազար հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր։ Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում մեր ռազմավարական նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը, նախագծով առաջարկում եմ որպես նվիրատվություն ՀՀ-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 20 տոկոսին համարժեք 110 հազար հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
«ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այս ռազմավարական ոլորտում ՀՀ ժողովուրդը, ի դեմս Կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում՝ հեռահաղորդակցության ոլորտում, Կառավարությունը մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ընդհանրապես մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների և բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովվի ընկերությունների կառավարման գործում: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել հատկապես հեռահաղորդակցությունը և էլի մի շարք ռազմավարական ոլորտներ։ Մենք բազմիցս ենք քննարկել, որ պետք է մեր քաղաքականությունները վարենք այնպես, որպեսզի այդ ընկերությունները բաց բաժանորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգում. սա շատ կարևոր է։ Սա այն պարագան է, երբ որ ընկերությունները, այդ թվում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, իրենց բաժնետոմսերը հանում են վաճառքի և դառնում են ԲԲԸ։ Կառավարությունը, նաև այս նվիրատվությունը ընդունելով, այլ ընկերությունների այդ ուղերձը հղում է, որ ոչ թե Կառավարությանը նվիրատվություն անեն այլ բաց բաժնետիրացման քաղաքականություն վարեն, և մենք պետք է մեր քաղաքականությունները մշակենք այս տրամաբանությամբ։ Այստեղ ամենակարևոր պայմանը թափանցիկությունն է ընկերության, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մասնագետ կարող է բաց աղբյուրներում գտնել այդ ընկերության շրջանառությունը, ծավալները, ծախսերը, շահույթը, եկամուտները և այսպես շարունակ։ Այս համակարգը շատ օգնում է որպեսզի նաև Կառավարությունը, հարկային մարմինները շատ չչարչարվեն՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում այնտեղ, և հարկային պատշաճ կարագապահություն ապահովելու համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իքս պահի չգնացինք բաց բաժնետիրացման, ուրեմն դա հարկային քաղաքականությամբ պետք է արտահայտվի, և պետք է ասենք՝ ձեզ համար եկամտահարկը, շահութահարկն այսքան է, ԱԱՀ-ն այսքան է, լիցենզիան այսքան է, և ձեր աշխատելու պայմաններն այս են։ երկարաժամկետում էլ պետք է բացառենք այդպիսի ընկերությունների գործունեությունը շուկայում։ Ես ոլորտին այս ուղերձը հղում եմ. ովքեր կընդունեն ի գիտություն՝ շատ լավ, շնորհակալ կլինենք, ովքեր չեն ընդունի ի գիտություն, մենք դա կընդունենք ի գիտություն՝ դրանից բխող հետևանքներով»,- նշեց Փաշինյանը։
Նա հետևյալ արձանագրումն արեց. «Այս որոշումն էլ ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, ավելի ճիշտ՝ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, բաժնեմաս ունի մի քանի ռազմավարական նշանակության ընկերություններում և նախագծերում. 1. Զարգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, 2. մենք այդ որոշումը կայացրինք Ամուլսարի հանքի հետ կապված, և 3. «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը, եթե չեմ սխալվում, ամենամեծ բաժանորդների թիվն ունի ՀՀ-ում, այսինքն՝ հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունն է և նաև երրորդ ընկերությունը, որը ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, բաժնեմաս է ստանում նաև այս ընկերությունում, և սա կոնկրետ արդյունք է, որն արժե, որ մենք զեկուցենք ՀՀ ժողովրդին»,- ասաց վարչապետը։