Միաժամանակ երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից։
Հաշվի առնելով վերջինիս կողմից թույլ տրված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից նրա նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։
Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։
Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։