«Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն»։
Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով լրագրողի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը՝ շեշտեց.
«Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։
Հարավային Կովկասում հաղորդակցությունների և անվտանգության մասին հարցին ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն այն պետություններն են, որոնք լիովին կարող են ապահովել իրենց տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը։