Ուսուցչի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր շնորհավորական խոսքն է հղել մարզի ուսուցիչներին․
«Սիրելի՛ ուսուցիչներ
Մանկավարժական աշխատանքի սիրելի՛ վետերաններ
Հոկտեմբերի 5-ը ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորանքներ, երախտագիտության ու գնահատումի խոսքեր ասելու օր է․ գիտեմ, որ մեր ժամանակներում նման առիթներն ավանդական տոնական օրերից տարբերվում են․․․ Գիտեմ, որ հատկապես Սյունիքում շատերիդ միտքը և ուշադրությունն առօրյա ուսումնական գործընթացից զատ սևեռված է հայրենիքի անվտանգությանը, նրա պաշտպանությանը, ձեր աշակերտների համար՝ խաղաղություն, դեռ երեկվա սաների համար անփորձանք ծառայություն փափագելով․․․»,-ասվում է ուղերձում։
Մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել մանկավարժներին հայ զինվորի դաստիարակության, նրան կրթելու համար, նրա մեջ հայրենասիրություն, ուժեղ կամք ու ոգի ներշնչելու համար՝ մաղթելով նրանց խաղաղություն, մանկավարժական իմաստնություն, մասնագիտական նորանոր հաջողություններ, ծրագրածի իրականացում ու բարեկեցություն։