Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կա մշտական քաղաքական երկխոսություն և՛ երկկողմ, և՛ եռակողմ: Դա շատ ամուր է, վստահելի, կա բնական և սերտ շփում ամենաբարձր մակարդակով: Սա միջոցառումների մի ամբողջ շարք է, որի նպատակն է այնպես անել, որ իրավիճակը չվատանա և անհրաժեշտ պայմանավորվածություններին հասնելու ուղղությամբ առաջխաղացում լինի»,- ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` բավականին ակնհայտ է Ռուսաստանի ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Կան եռակողմ մեխանիզմներ, որոնք հայտնի են և հիմնված են 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների վրա։
Դեսպանը նշել է, որ ռուսական ներկայացուցչություն կա նաև հայ–ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ։ Իսկ դա կարևոր գործոն է կայունության պահպանման և իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։