Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին ու քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Ռ․Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։
Մարզպետը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն հայտնեց մարզում իրականացված ծրագրերի և ներդրումների համար։
Դեսպանն ասաց, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցեց նաև, որ իր առաքելությունն է ապահովել, ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։
Նշվեց, որ դրա իրագործման համար լավ սկիզբ կարող է լինել երկկողմ զբոսաշրջության զարգացումը։
Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին ու քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ծրագրերի (որոնցում դեսպանատունը ներդրում ունի), տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորության մասին։