«Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»։
Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք։
ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը։ Վերջին օրերին այն հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Այս ընթացքում արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը։ Այն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։
«Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»,– նշեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ–ի նախագահ Արտակ Բեգլարյանը։
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, նշեց, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը։ Նա ընդգծեց, որ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտականությունները և մի շարք այլ հանգամանքեր` հանդես են գալիս որոշ առաջարկներով։
«Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»,– նշեց Ասրյանը։
Նա հավելեց, որ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ` այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։
Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40 000 + 10 000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։