Մենք ականջալուր ենք հայ գործընկերների կարիքներին:
Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրամադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար:
«Արմենպրես»-ը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության, առաջիկայում Ֆրանսիայից սպասվող այցերի ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:
-Պարոն դեսպան, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր որակ են ստացել, դեռ անցյալ տարի Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները: Պաշտպանության ոլորտում համագործակցությունն արդյոք երկարաժամկե՞տ կլինի և կխորանա՞:
-Դա իրականում ոչ միայն պաշտպանական համագործակցություն է: Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մենք երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում ունեցանք Մյունխենում, Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը Փարիզում էր և մասնակցեց Դիմադրության շարժման հայտնի անդամ, հայկական ծագում ունեցող Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը Ազգային պանթեոնում: Հանդիպեցին նաև նախագահն ու վարչապետը: Իհարկե, նշանակալի այց էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը Հայաստան, սա առաջինն էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախարարի համար, դա բավականին նշանակալից է: Մենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք 32 տարի, անկախ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 24-ից, բայց դրանք երբեք այսքան հագեցած ու վստահելի չեն եղել: Այո, մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, դա միայն ռազմական գնումների մասին չէ, որն, իհարկե, կարևոր է, այլ նաև վերապատրաստումների մասին է, այդ թվում՝ բարձրաստիճան հայ սպաների վերապատրաստումների: Խոսքը խորհրդատվության մասին է:
Երբ երկու երկրների երկու ռազմական ակադեմիաների միջև առկա է այնպիսի պայմանագիր, ինչպիսին կնքվեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցի շրջանակում, դու, անշուշտ, կառուցում ես երկարաժամկետ համագործակցություն:
-Ի՞նչ եք կարծում այդ համագործակցությունը կընդլայնվի՞:
-Մենք ականջալուր ենք հայ գործընկերների կարիքներին:
-Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում: Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցություններ, հանդիպումներ են եղել, Ֆրանսիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու նախապատրաստվող նոր պատերազմը:
-Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ: Եվ վարչապետն ու Հայաստանի Հանրապետությունը պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը։
-Պարոն դեսպան, Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ ու շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության, սակայն, նկատի ունենալով Ալիևի՝ պայմանավորվածությունները խախտելու գործելաոճը, մշտապես նշվում է, որ դրա իրագործման համար միջազգային երաշխիք է պետք՝ խաղաղության պայմանագրի իրագործման համար: Ըստ Ձեզ՝ ո՞վ, ի՞նչը կարող է լինել այդ երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով:
-Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի: Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ:
Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից:
Շարունակությունը՝ այստեղ: