Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` Սյունիքի մարզով անցնող հատվածի Ագարակ-Քաջարան թունելի շուրջ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարության համար նախատեսվող վարկային պայմանագրի ստորագրմանը։
Շինարարությունը կարժենա 247 290 000 ԱՄՆ դոլար, որից 135 մլն դոլարը կտրամադրի Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամը, իսկ 112 290 000–ը` ՀՀ կառավարությունը։
2021 թվականին հաստատված նախագծով այն բաղկացած է երկու հատվածից` Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք և Քաջարանի թունելի ելք – Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ։ Նշենք, որ միայն Քաջարանի թունելի երկարությունը լինելու է շուրջ 7 կմ:
SputnikArmenia-ի հաղորդմամբ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ` 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը։ Այս հաշվարկով կառավարությունը որոշել է վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30–ը` նախկինում սահմանված 2022 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարեն։ Շինաշխատանքների իրականացման կապալառուների ընտրության գործընթացը նախատեսված է 2022 թվականի երրորդ եռամսյակում: