Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» թեմայով քննարկում

Այս մասին հայտնել են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:

Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի հովանու ներքո տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում. իրավիճակը, որ ստեղծվել է Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց» թեմայով խորհրդաժողով,  հայտնել են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:

2021 թվականի մայիսի 20-ին Եվրախորհրդարանը  607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հայ ռազմագերիների մասին բանաձեւը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հակամարտության ընթացքում կամ դրանից հետո կալանավորված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 

Ի թիվս այլ կետերի, որոնք  վերաբերում են հակամարտող կողմերի միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու իրենց պարտավորությանը, որն արգելում է խոշտանգումները և արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի ցանկացած դրսևորում, բանաձևի 16-րդ կետը խստորեն դատապարտում է  Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացնող ցանկացած գործողություն և կոչ է անում թե Ադրբեջանին և թե Հայաստանին ամբողջությամբ վերականգնել վնասված կամ քանդված վայրերը և  համաշխարհային ժառանգության պահպանության համար տարածաշրջանում ապահովել միջազգային առավել մեծ ներգրավվածություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print