Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորև ներկայացված համատեղ հայտարարությունը.
«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։ Գոհունակությամբ արձանագրելովերկկողմ զարգացող հարաբերությունները ՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարևորությունը և փոխգործակցության մակարդակի խթանումը։
Վկայակոչելով փետրվարի 14-15 Թեհրանում կայացած Համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստը՝ կողմերն ընդգծել են դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունում հիշատակվող պայմանավորվածությունների իրագործումը խթանելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։
Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։
Կողմերն ընդգծել են երկու նախարարությունների միջև տարբեր ոլորտներին և տարբեր մակարդակներում կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունն ու պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում»։