ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի շուրջ կոնսենսուս չկա

Նախանշված էր, որ ընդհանուր շուկաները կգործեն 2025թ. սկսած, սակայն այս պահին շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման որոշում. «Կարծում եմ՝ դրանք կհետաձգվեն մինչև 2027թ.»,- ասել է նա։

«Այս տարի ԵԱՏՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների գործնական կիրառություն չի լինի». հայտնել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ըստ նրա, նախանշված էր, որ ընդհանուր շուկաները կգործեն 2025թ. սկսած, սակայն այս պահին շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման որոշում. «Կարծում եմ՝ դրանք կհետաձգվեն մինչև 2027թ.»,- ասել է նա։

Ըստ Վարդանյանի, գազի ընդհանուր շուկայում կա 5-7 հարց, որի շուրջ չկա կոնսենսուս, դրանցից երկուսն առանցքային են։ Նա նշեց, որ մեկը վերաբերում է գազի միասնական գնին. «Այստեղ ՌԴ-ն ու Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն, ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար գազի գնի ձևավորման սկզբունքներն այլ պետք է լինեն, և երկրորդ կարևոր հարցը, որ գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը, օրինակ՝ ՀՀ-ՌԴ գազային համաձայնագրերը, պետք է մոտարկվեն, համաձայնեցվեն կամ դադարեն գործել գազի ընդհանուր շուկայի պայմանագրի հետ միասին։ Եվ էլի գազ ունեցող երկրները՝ ՌԴ-ն ու Ղազախստանը, կարծում են, որ երկկողմ պայմանագրերը պետք է շարունակեն գործել մինչև ավարտը։ Մեզ համար, օրինակ, դա 2040 թվականն է, և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Բայց մենք կարծում ենք՝ զուգահեռ ընդհանուր շուկան հնարավոր չէ գործի, որովհետև մեր ամբողջ ծավալը կարգավորվում է երկկողմ պայմանագրի շրջանակներում, և ընդհանուր շուկայի պայմանագիրն այն տեսքով, որ կա, դժվար թե ավելի աշխատունակ լինի ոչ միայն մեզ, այլև մյուս երկրների համար»։

Փոխնախարարը նաև նշեց, թե կա սկզբունք, որ գազի գինը բոլորի համար պետք է նույնը լինի գազի հանքավայրում, դրանից հետո հարց է՝ մինչև երկիր հասնելը ինչպես պետք է գինը ձևավորվի. «ՌԴ-ն պնդում է, որ իր համար գործում է մեծ և բազմաշերտ սուբսիդավորման համակարգը, և չի կարող գազի գինը նույնը լինել, ինչ բելառուսական կամ հայկական սպառողի համար, մենք էլ ասում ենք՝ եթե սա ընդհանուր շուկա է, ընդհանուր մաքսային միություն է, եթե գները տարբերվեն, գազից կախվածություն ունեցող արտադրողների մոտ տարբեր ինքնարժեքներ կստացվեն, շուկաների մրցունակության խնդիրներ կլինեն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print