ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Ըստ Փաշինյանի՝ Կառավարության տրամաբանությունն այս հարցում այն է, որ եթե բնակարանային ծրագիրն անեն միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվելու է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդկանց մոտ որոշակի անորոշություն կա, ես ուզում եմ այդ անորոշությունը ցրել և ասել, որ այդ ծրագիրը շարունակվելու է, մենք էլի կերկարացնենք առնվազն մինչև տարվա վերջ, իսկ տարվա վերջին մենք հետագայի մասին կմտածենք»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով բնակարանաշինության ծրագրին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ մասով որոշակի պատկերացումներ կան, բայց վերջնական որոշումները կկայացնեն՝ տարբեր կարծիքներ լսելով:

Ըստ Փաշինյանի՝ Կառավարության տրամաբանությունն այս հարցում այն է, որ եթե բնակարանային ծրագիրն անեն միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում:

«Կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն՝ ՀՀ քաղաքացի լինելով: Եվ մենք ուզում ենք, որ մի ծրագիր ձևավորենք, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ բնակարանաշինության ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան: Եթե չստանան, բայց բնակարան ստանան, դա ևս կարող է լարում առաջացնել հանրության շրջանում, քանի որ, օրինակ, ՀՀ քաղաքացիների երեխաները ծառայում են բանակում, իսկ ԼՂ-ից տեղահանվածներինը՝ ոչ:

Վարչապետը նաև նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հնարավորություն կտրվի, որպեսզի առանձնատներ կառուցեն իրենք իրենց ձեռքով՝ շինարարական ընկերություններից կախվածություն չունենալու նկատառումով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print