Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` զեկուցողը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:
«Նախաձեռնությամբ ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով` հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել. «Ըստ կանխատեսումների` նշված տուրքերի սահմանման դեպքում պետական բյուջե եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով»:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը, կոմիտեում որակավորված մասնագետների ներգրավմանը, օդի տուրքի կիրառմանը և այլն:
ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքներով՝ նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման և լրամշակման կարիք ունի:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: