Վերջին երեք տարում ԶՊՄԿ-ի վճարված հարկերը հիմնականում զգալիորեն գերազանցում են նախորդ մի քանի տարիների հարկային մուտքերի ցուցանիշները
2022 թվականին ԶՊՄԿ ՓԲԸ-ի վճարած հարկերը սահմանել են պատմական ռեկորդ։ Ոչ միայն ընկերությունը, այլև Հայաստանի որևէ ձեռնարկություն, երբևէ այդ ծավալի հարկ չի վճարել։
Սակայն եթե 2022 թ-ին կոմբինատը վճարել էր 143 մլրդ 933 մլն 308 հազար դրամ, ապա 2023թ.-ին՝ 70 մլրդ 881 մլն 967 հազար դրամ, այդուհանդերձ պահպանելով առաջատարի իր դիրքը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԶՊՄԿ՝ պարզելու հարկերի դինամիկայի բուն պատճառները։
Ի պատասխան կայքի հարցման՝ Ընկերությունից մանրամասնել են, թե որոնք են 2022 թվականին վճարված հարկերի կտրուկ աճի, ապա նվազմանը նպաստած պայմանները։
Այսպես՝ շուրջ 144 միլիարդ համախառն հարկից 15 միլիարդ դրամը քրեական գործի շրջանակում ԶՊՄԿ-ի նախորդ ղեկավարության կողմից սեփական միջոցներից ԶՊՄԿ, ապա և պետբյուջե վերադրաձրած միջոցն է։ Այսինքն՝ 2023-ին 2022-ի համեմատ վճարված հարկերի փաստացի տարբերությունը պայմանավորված է նաև 2022-ին այս լրացուցիչ վճարման հանգամանքով։
«2022-2023 – ի հարկային մուտքերի տարբերությունը կապված է նաև արտարժույթի արժեզրկման հետ։ Հիշեցնենք, որ 2022 թվականին ԱՄՆ դոլարի փոխարժեքը 490-515 դրամ էր կազմում, իսկ 23 թվականին այն տատանվում էր 390-400 դրամի շրջակայքում։ ԶՊՄԿ-ն իր արտադրանքը արտահանում և վաճառում դոլարով, իսկ ծախսերի գերակշիռ մասը կատարում է դրամով։ Դոլար-դրամ հարաբերակցությունը էական ազդեցություն է ունեցել վճարված հարկերի չափի վրա։ 2022-ի համեմատ 23 թվականին նվազել են նաև պղնձի համաշխարհային գները»։
Կամբինատից հայտնել էին նաև, որ 2022 թվականին գործում էր արտահանման տուրք՝ պղնձի դեպքում 160 հազար դրամ, իսկ մոլիբդենի համար 800 հազար մեկ տոննայի համար։ 2023 թվականից այս հարկատեսակը չի գործում։ Այս գործոնը նույնպես ազդեցություն է ունեցել հարկային մուտքերի փոփոխության վրա։
«Միաժամանակ հարկ է ընդգծել, որ վերջին երեք տարում ԶՊՄԿ-ն կայուն կերպով զբաղեցնում է առաջին հարկատուի տեղը եւ վճարված հարկերը հիմնականում զգալիորեն գերազանցում են նախորդ մի քանի տարիների հարկային մուտքերի ցուցանիշները»։
ԶՊՄԿ-ն հարկատուների ցանկում 2014-2023 թթ-ին
2023 1-ին տեղ 70,881,967
2022 1-ին տեղ 143,933,308
2021 1-ին տեղ 61,958,091
2020 3-րդ տեղ 42,983, 578
2019 2-րդ տեղ 51,360,135
2018 1-ին տեղ 51,093,944
2017 5-րդ տեղ 18,670,324
2016 16-րդ տեղ 9,121,579
2015 2-րդ տեղ 27,505,901
2014 4-րդ տեղ 19,940,784
Մենք նաև հարցրել էինք, թե որ երկրներ են հիմնականում արտահանվում Կոմբինատի արտադրանքը եւ արդյոք աշխարհագրության փոփոխություն տեղի ունեցել է 2023 թվականի վերջին եռամսյակում, ինչին ի պատասխան ԶՊՄԿ-ից հայտնել են, որ պղնձի եւ մոլիբդենի կոնցենտրատի ավանդական շուկաները շարունակում են մնալ Եվրոպան եւ Հարավ-Արեւելյան Ասիան։
Աղբյուր` Փաստինֆո