Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունում ներկայացրած տվյալները։
Այսպես, 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։
Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։ Կառավարությունից նաև պարզաբանել են, որ քննարկում են բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցը: Օրինակ՝ տների կառուցման կամ բնակարանի ձեռքբերման հարցում աջակցությունը, սոցիալական բնակարանների տրամադրում այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նման հնարավորություն չունեն։ Կառավարության տվյալներով՝ 8277 արցախցի ընտանիք Հայաստանում բնակարան ունի։