Մեքենայի կայանման շուրջ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված  միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք:

Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված  միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հաջորդ օրը, հաղորդում է ստացվել նաև եղբայրների՝ Արարատի մարզում բնակվող հորեղբորից՝ այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, վերոնշյալ վեճի ժամանակ համատիրության նախագահը մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն և ատրճանակ պահել իր ուղղությամբ:

Այս հաղորդման առթիվ ևս, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն  կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ դեպքի օրը եղբայրներից մեկն իր կողմից շահագործվող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան կայանել է իրենց շենքի բակի մայթեզրին, ինչի համար համատիրության նախագահը դիտողություն է արել նրան: Այնուհետև համատիրության նախագահը, նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, զանգահարել է հիշյալ բնակչին և պահանջել իջնել բակ:

Վերջինս իջել է բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն: Դրանից հետո բնակիչը կատարվածի մասին տեղեկացրել է իր եղբորը և հորեղբորը, ովքեր, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել են համատիրությաննախագահին և պայմանավորվել հանդիպել:

Հանդիպման ժամանակ, որին բացի նշված անձանցից ներկա են եղել նաև համատիրության նախագահի հետ եկած, քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք,  խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ համատիրության նախագաhը, դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել եղբայրների և նրանց հորեղբոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում մի կողմից համատիրության նախագահը, մյուս կողմից եղբայրներից մեկը սեփական անձն ընդգծելու, շրջապատի մոտ իրենց ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայության հանգամանքը, հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք. իրենց մոտ գտնվող զենքի գործադրմամբ, օդ կրակելու եղանակով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտել են շրջապատում գտնվողների անդորրը: Բացի այդ, հիշյալ բնակիչը դանակի գործադրմամբ հարվածներ է հասցրել համատիրության ղեկավարի ուսի շրջանին։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինս և համատիրության նախագահը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համատիրության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ եղբայրներից մեկին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print