Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը մարտահրավերների առաջ է կանգնել։ Ասուլիսի ժամանակ ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Վերջինս նշել է, որ ռազմական գործողության հետևանքով նախատեսված մի շարք միջազգային նշանակության միջոցառումներ հետաձգվել են, ինչպես, օրինակ՝ հոկտեմբերի 1-ին Արենիում անցկացվելիք գինու փառատոնը։
«Շատ երկրներ` դեսպանությունների միջոցով իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստան, հատկապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզեր։ Այդ մարզերում անցկացվող փառատոններն այդ ֆոնին կորցնում են իրենց նշանակությունը»,–ասել է Ապրեսյանը։
Խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքների մասին՝ Ապրեսյանն անդրադարձել է նաև Ջերմուկ քաղաքին։ Ըստ նրա՝ Ջերմուկում շատ ենթակառուցվածքներ վնասվել են, զբոսաշրջային այցելություններ չկան, և չի բացառվում, որ քաղաքի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ հետագայում ևս փակվեն։
Ապրեսյանի խոսքով զբոսաշրջության ոլորտը 2020 թվականի համավարակից, այնուհետև 44-օրյա պատերազմից հետո դեռևս չի մտել կայուն վերականգնման փուլ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի առաջին ինը ամիսներին Հայաստան է այցելել 1մլն 240 հզ, իսկ սեպտեմբերին՝198,074 զբոսաշրջիկ՝ հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից։