ԵՄ առաքելությունը հրավիրելիս Ադրբեջանի կարծիքը հաշվի չի առնվել․ Պեսկով

Պեսկովի խոսքով՝ դա Երևանի միակողմանի որոշումն է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կասկածի տակ է դնում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը, քանի որ այն «միակողմանի որոշում է»՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։

«Հարց է, թե որն է դիտարկման առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչվում է Ադրբեջանի կողմից։ Ես կասկածում եմ, որ այնտեղ (Ադրբեջանում – խմբ․) ըմբռնումով կընդունվի նման մանդատը։ Դա Երևանի միակողմանի որոշումն է: Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային ու հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն: Հստակեցվում են նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print