Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ։
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին: