Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի նվիրյալներին պարգևատրել է շնորհակալագրով և պատվոգրով։
Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև 2022 թվականի «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը: Մրցույթին մասնակցել են 27 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:
Մրցույթի արդյունքում Սյունիքի մարզային գրադարանն ու Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորումն արժանացել են պատվոգրի՝ համապատասխանաբար «Լավագույն մարզային գրադարան» և «Լավագույն համայնքային գրադարան» անվանակարգերում։
Պատվոգրի է արժանացել նաև մարզային գրադարանի գրադարանավար Ծովիկ Հակոբյանը, իսկ շնորհակալագրերով՝ մարզային գրադարանի գրադարանավար Հասմիկ Թորոսյանը, Ակումբագրադարանային միավորման գրադարանավարներ Լիլիթ Ավանեսյանը (Բաղաբերդ թաղամասի գրադարան) և Նարինե Ծատրյանը (Կենտրոնական գրադարան)։


