Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։
Ավարտվել է Երևանի 36–ամյա բնակչի կողմից աներոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, կնոջը հարվածելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու և ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ․ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը բնակվող ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ամուսինը՝ 36–ամյա տղամարդը, կնոջ նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է վերջինիս այտին։
Ժամը 02:30-ի սահմաններում, կնոջ հայրը, դստեր խնդրանքով, որդու հետ միասին եկել են հիշյալ տուն, որտեղ ամուսինների միջև առկա տարաձայնությունների կապակցությամբ քաշքշուկ է առաջացել հիշյալ կնոջ եղբոր, հոր և ամուսնու միջև։ Այդ ընթացքում վերջինս, վերցնելով իր անվամբ հաշվառված՝ «ՍԱՅԳԱ-410Կ» տեսակի որսորդական ողորկափող հրացանը, աներոջը և նրա որդուն առաջարկել է զրուցելու նպատակով դուրս գալ տանից։ Վերջիններս մերժել են առաջարկը, ինչից հետո տղամարդը դուրս է եկել տնից: Որոշ ժամանակ անց՝ ժամը 02:30-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, կինը՝ երկու անչափահաս երեխաների, հոր և եղբոր հետ դուրս է եկել տնից, նստել հոր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և հեռացել։
Բնակության վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա 36–ամյա տղամարդը որսորդական հրացանի փողը պահել է դեպի ավտոմեքենան։ Վարորդը, արագացնելով ավտոմեքենայի ընթացքը, շրջանցել է նրան, սակայն 36–ամյա տղամարդը, իր կնոջ հորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայում գտնվող անձանց, այդ թվում երկու անչափահաս երեխաների կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ որսորդական հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի, մասնավորապես՝ վարորդի ուղղությամբ, սակայն կրակոցներից երկուսը վնասել են ավտոմեքենայի մի քանի հատվածներ:
Դրանից որոշ ժամանակ անց՝ ժամը 03:30-ից 03:40-ն ընկած ժամանակահատվածում, 36–ամյա տղամարդը, աներոջ նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս և հնչեցրել սպանության սպառնալիքներ, որի հետևանքով նրա մոտ առաջացել են վախի և տագնապի զգացողություններ:
Պարզվել է նաև, որ 36–ամյա տղամարդը իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով ձևափոխված՝ ողորկափող հրազեն հանդիսացող «BARICAT R 2.5՛՛ S» մոդելի ռևոլվեր, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: