Բնակիչներն օգտվում են 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։
Մեղրու Նռնաձոր բնակավայրում այս պահին 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։ Բացի նրանցից այս գյուղից էլի բնակիչներ կան, որ դիմել են ծրագրին, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարտի 21-ին Նռնաձոր այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց 2024 թվականին գյուղում սպասվող այլ ծրագրերի մասին ևս։ Մասնավորապես`
- Սուբվենցիոն ծրագրով կսկսվի 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը․ ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը՝ 80 տոկոս, համայնքինը՝ 20 տոկոս։
- Այս տարի պետական ֆինանսավորմամբ կսկսվի դեպի Նռնաձոր տանող նոր ճանապարհի (Մ17- Նռնաձոր – Հ49 ավտոճանապարհ) կառուցումը։ Առաջին փուլի ճանապարհաշինության մրցույթը հայտարարված է, այն կկայանա ապրիլի 12-ին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 3 մլրդ 604 մլն 489 հազար դրամ է, ճանապարհը կլինի ավազակոպճային ծածկով։ Հաջորդ փուլի ծրագրով նոր ճանապարհը կասֆալտապատվի։