Կոչ եմ անում Դաշնային կառավարությանն ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը։

«Համաձայնությունը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված լարվածությունը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,- հայտարարել է պատգամավորը:

Նա համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր երկրի տարածքային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն՝ բռնության ուժի չկիրառումը  պետք է խստագույնս պահպանվեն:

Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ նա կոչ է արել  Դաշնային կառավարությանը ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print