Ծաղկաձորի մարզահամալիրը հյուրընկալել է Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարներին

Հոկտեմբերի 7-9 Ծաղկաձորի մարզաբազայի ղեկավարության հրավերով Հայաստանում էին Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, որոնց կազմում էին մի շարք օլիմպիական չեմպիոններ, սպորտսմեններ և տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ։ Տեղեկությունը փոխանցում  է Aravot.am-ը։

Հյուրերն այցելել են մարզահամալիր, ուսումնասիրել առկա հնարավորությունները, քննարկել զարգացման հեռանկարները, դրանց վերաբերյալ ներկայացրել առաջարկություններ։

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի առաջարկով որոշվել է
2023թ–ին Ծաղկաձորի մարզաբազայի շահագործման 55-ամյակին նվիրված միջազգային ֆորում անցկացնել` այստեղ մարզված օլիմպիական չեմպիոնների, տարբեր սպորտաձևերում համաշխարհային համբավ ունեցող մարզիկների ու պարալիմպիկ խաղերի չեմպիոնների մասնակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ առաջարկել է միջոցառմանը միջազգային մասշտաբ հաղորդել։

Մարզաբազայում այս պահին շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Առաջիկայում այն կդառնա առավել հարմարավետ, և ամենատարբեր մարզաձևերոով զբաղվող  մարզիկներ կհյուրընկալվեն բազայում:

2023թ–ի մայիսին նախատեսվում է ավարտել մարզահամալիրի աթլետիկական մանեժը, դահուկորդների համար էլ անվաչմուշկներով մարզվելու 6.8 կմ երկարությամբ ասֆալտապատ ուղի կգործի:

Միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի կորտերի շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի օգոստոսի 17-ին և կավարտվի 2023–ի սկզբին:

Նախատեսվում է կառուցել 9 գրունտային և երկու փակ կորտեր` հանդիսատեսի համար տրիբունայով, հանդերձարաններով և բացօթյա սրճարանով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print