«Ռոսատոմը» կարող է իրականացնել ՀՀ–ում նոր ԱԷԿ-ի կառուցման ցանկացած նախագիծ. Կոմարով

Նա ընդգծել է, որ Հայաստանը «Ռոսատոմի» համար կարևոր գործընկեր է` հատուկ նշելով հայ և ռուս մասնագետների՝ Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգմանն ուղղված համատեղ աշխատանքը:

«Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։ Սոչիում ընթացող «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովի շրջանակում այս հայտարարությունն է արել պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը «Ռոսատոմի» համար կարևոր գործընկեր է` հատուկ նշելով հայ և ռուս մասնագետների՝ Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգմանն ուղղված համատեղ աշխատանքը:

«Թե ինչպիսի կայան պետք է կառուցվի, կախված է Հայաստանի կառավարության որոշումից։ Տարբեր կանխատեսումներ կան, թե ինչ հզորության բլոկ է անհրաժեշտ։ Ոմանք ասում են, որ պետք է անպայման փոքր բլոկներ կառուցել։ Ես շփվում եմ Հայաստանի մեր գործընկեր էներգետիկների հետ, այնտեղ կարծիք կա, որ «հազարանոց բլոկն» էլ կարող է հետաքրքիր լինել, հատկապես եթե մասնակի արտահանում ապահովենք հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան»,-ասել է Կոմարովը։

ՀՀ ղեկավարությունը դեռ պետք է կողմնորոշվի այս հարցում։

Ընդ որում, նրա խոսքով, «Ռոսատոմի» արտադրանքը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի կառավարության ցանկացած որոշում։

«Մենք ունենք բլոկներ, որոնք սերիական կառուցում ենք, յուրաքանչյուրը` 50 ՄՎտ հզորությամբ, մենք ունենք նաև 1000 ՄՎտ հզորությամբ բլոկներ։ Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս սկսել 600 ՄՎտ հզորությամբ ռեակտորի կառուցումը»,- ասել է Կոմարովը։

Նա նշել է, որ 50 ՄՎտ հզորությամբ ռեակտորներից, ինչպես մոդուլներից, կարելի է ցանկացած չափ հավաքել՝ 100, 200, 400։

«Բայց պետք չէ պատրանքներ ունենալ։ Պետք է հասկանալ, որ փոքր հզորության կայանները միշտ ավելի թանկ են լինելու, քան մեկ մեծ հզորության կայանը»,-ասել է Կոմարովը։

Նրա խոսքով` հարկավոր է ՀՀ կառավարության հետ այնպիսի լուծում գտնել, որը մի կողմից առավելագույնս կբավարարի Հայաստանի էներգահամակարգի կարիքները, մյուս կողմից՝ թույլ կտա առավել էժան և կայուն էլեկտրաէներգիա ստանալ:

«Այս առումով «Ռոսատոմում» ցանկացած տեխնոլոգիա կա, և Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում մենք ի վիճակի կլինենք կատարել»,-նշել է Կոմարովը։

Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Դեռ չի որոշվել` դրանք պետք է ստացիոնար լինեն, թե մոդուլային: Բացի այդ, Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print