Իրանի դեսպանը հիշեցրել է, որ նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում:
«3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է կրկին տեղի ունենալ արդեն այս տարի․ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դիվանագետը հույս է հայտնել, որ դրա մասնակիցը կդառնա Վրաստանը։ Նա նաև այս ձևաչափն ամենաօգտակարն է համարել Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար։
«Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»- ն է։ Հուսով եմ, որ նոր հանդիպումը կրկին տեղի կունենա այս տարի»,- հայտարարել է Ջալալին։
Իրանի դեսպանը հիշեցրել է, որ նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում: Ջալալին այն հաջողակ է անվանել։ Նա հավելել է, որ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն թեժացնում է իրավիճակը, այլև ուժեղացնում էսկալացիայի վտանգը Հարավային Կովկասում:
«Այլ երկրների ներկայությունը խանգարում է Հարավային Կովկասում կարգավորմանը։ Այդ տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե ինչ-որ այլ երկրներ», – ընդգծել է Ջալալին։