Մեկնարկել է «Երևան օփըն» շախմատի միջազգային մրցաշարը

Հոկտեմբերի 10-ին Երևանում, այս տարի արդեն 4-րդ անգամ, մեկնարկել է «Երևան օփըն» շախմատի միջազգային մրցաշարը։ ՀՀ Կրթության, գիտության, մակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ մրցաշարն անց է կացվում Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ,            ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Մրցաշարի հանդիսավոր բացմանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է։

«Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է»,- ասել է Դումանյանը:

Կարևորելելով Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը՝ նախարարը շեշտել է, որ մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին։ Այս անգամ «Երևան Օփըն»-ին մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print