Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն։
Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքներին՝ կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցեր:



