Ռուսաստանի հարձակումը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա անհեթեթություն է․ Պուտին

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։

Պուտինն այս մասին հայտնել է մարտի 27-ին Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ՌԴ նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին լուրերը հերթական միջոց են մարդկանց խաբելու և նրանցից գումար կորզելու համար։

«Սա կատարյալ անհեթեթություն է՝ հարձակման հնարավորությունը որևէ այլ երկրի վրա՝ Լեհաստանի, Բալթյան երկրների։ Նաև չեխերին են վախեցնում։ Պարզապես զառանցանք է, իրենց բնակչությանը խաբելու և ուղղակի լրացուցիչ գումար կորզելու ևս մեկ միջոց՝ ստիպելու, որ նրանք այս բեռը կրեն իրենց ուսերին», – ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումներին։ Ըստ ՌԴ նախագահի՝ մարտի դաշտում դա իրավիճակը չի փոխի, սակայն ռուսական ուժերը կարող են ոչնչացնել այդ կործանիչները՝ անկախ դրանց գտնվելու վայրից։

«Եթե այդ կործանիչներն օգտագործվեն այլ երկրների օդանավակայաններից, ապա դրանք մեզ համար օրինական թիրախ կդառնան՝ անկախ գտնվելու վայրից», – ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ուկրաինական F-16-ները կոչնչացվեն ՆԱՏՕ-ի երկրների օդանավակայաններում, եթե դրանք օգտագործվեն այնտեղից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print