Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն Ղրղզստանը հրաժարվել է մասնակցելու Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ «Սահման 2022» համատեղ զորավարժություններին։
«Մենք նախատեսում էինք մասնակցել ՀԱՊԿ «Սահման 2022» համատեղ զորավարժություններին։ Բայց հիմա որոշել ենք չանել։ Սա Ղրղզստանի դիրքորոշումն է»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ղրղզստանն արդեն երկրորդ անգամն է՝ հրաժարվում է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելուց։ Ավելի վաղ Ղրղզստանի ՊՆ-ն հայտարարել էր իր տարածքում հոկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման մասին։ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ «որոշում է կայացվել չեղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն» հրամանատարաշտաբային զորավարժությունները։»
Զորավարժությունների չեղարկման պատճառը, սակայն, չի նշվել:
ՀԱՊԿ-ն էլ իր հերթին չի մեկնաբանել զորավարժությունների չեղարկումը։