Ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները ստացված օպերատիվ տվյալները ճշտելիս և իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, Կումայրիի և Մուշի բաժինների ու մարզի պարեկային ծառայության գործընկերների հետ:
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տարվեց նույն փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կապույտ դետալով ամրացված կաթուցիչ` մոխրացած հետքերով և թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրենն է, անցած տարի հումքն անձամբ քաղել է վայրաճ կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:
Ժամը 17.55-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Շիրակշին 3-րդ բանավանի իր բնակարանի դիմաց ձերբակալվեց և Ախուրյանի բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` մարիխուանան իրենն է, կանեփն էլ անձամբ աճեցրել է Վահրամաբերդ գյուղում գտնվող հայրական տան բակում և թմրանյութ պատրաստել անձամբ օգտագործելու համար: Նաև հավելել է, որ թմրամիջոց ունի պահած նաև հայրական տանը, իսկ բռնվելուց մոտ մեկ ժամ առաջ իր տան մոտ կես գրամ մարիխուանա է հյուրասիրել 33-ամյա մի գյումրեցու: Ժամը 18.32-ին հենց ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց ձերբակալվեց նաև 33-ամյա գյումրեցին:
Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Վահրամաբերդ գյուղի հիշյալ տան զննության ժամանակ 43-ամյա տղամարդը խորդանոց-պահեստարանից ներկայացրեց պլաստիկ տարա` 1280 գրամ և փաթեթ` մոտ 76 գրամ կանեփանման զանգվածներով: Նրա ներկայացրած ապակյա տարայում կար կանեփի սերմերով լցված երկու թղթե և զիպ փականով մեկ փաթեթ: Իսկ ներկայացրած պինդ զանգվածերի վերաբերյալ նա հայտնել է, որ դրանք մարիխուանայի յուղի մնացորդներ են: Կանեփի սերմերով մի փաթեթ էլ նա ներկայացրել է տնակի խոհանոցի դարակից: Խորդանոցից ու տանիքից կանեփանման զանգվածներ հայտնաբերվել ու առգրավվել են նաև խուզարկությամբ` ընդհանուր 54,3 գրամ քաշով:
Ախուրյանի քննչական բաժնում քննությունը շարունակվոււմ է: Հանգամանքները պարզվում են: