Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար․ Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում, Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։

Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության մեր ձգտումների, խաղաղության մեր օրակարգի առիթով մեզ շատերը հայհոյում են և բազում ստեր են ասում։

Այդ ստերից ամենաարտահայտիչը, ըստ էության, բոլոր լրատվամիջոցներում և քաղաքական ընդդիմադիր գործիչների խոսույթից արձանագրվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղ հանձնել Ադրբեջանին։ Այս ամենը որևէ կապ չի կարող ունենալ իրականության հետ»,-ասել է նա։

«Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։

Ես ուզում եմ, որ սա մենք շատ հստակ արձանագրենք։ Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում, Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է` կառավարության համար շատ կարևոր է հստակ ընդգծել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք լուծումների ու հույս ունեմ, որ Ադրբեջանը նույնպես այս ուղղությամբ քայլ կանի, եթե իսկապես ուզում է գնալ սահմանի ճշգրտման»,- ընդգծել է Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print