Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայից հետո այս առումով որևէ զարգացում չկա։
«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- հավելել է Հունանյանը:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական TVnet հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների շուրջ։
«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն են: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն։