Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին: Այնուհետև տեղի է ունեցել խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հաճախ առիթներ գտնել, և քննարկումներն անցկացնել տարբեր բնակավայրերում․
«Քանի որ նիստի օրակարգում ներառված էր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որոշեցինք, որ լավ առիթ է այն անցկացնել նորաբաց երիտասարդական կենտրոնում՝ կարևորելով քննարկվող ծրագրերը նաև առարկայական տեսնելու փաստը»։
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն ընթացիկ տարվա կարևորագույն անելիքներից է․ «Քանի որ երիտասարդության ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ունենալ ավելի ընդհանուր իրավական կարգավորումներ, որը թույլ կտա ոլորտի քաղաքականությունը դարձնել ավելի համակարգված և արդյունավետ, իսկ իրականացվող ծրագրերը՝ առավել փոխկապակցված և համադրելի»։ Երիտասարդության ոլորտը կունենա իր մայր օրենքը Նիստի օրակարգի առաջին հարցը՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, և Կառավարության ծրագրով առկա է նման օրենքի մշակման պարտավորություն․
«Նախագծի քննարկումը շատ ակտիվ և մասնակցային է ընթանում․ նախարարի հրամանով նոյեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ունի իր ենթախմբերը, որոնք ամեն մարզում 3-ական, իսկ Երևանում՝ 2-ական հանրային քննարկումներ պետք է անցկացնեն։
Ընդ որում՝ նախագիծը մշակվում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով օրենքի հիմնական նպատակը, այն է՝ երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծում, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանում:
Ըստ փոխնախարարի՝ օրենքով կկարգավորվեն երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները: Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։
Նրա խոսքով՝ օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև երիտասարդական միջավայրին, որտեղ, ըստ փոխնախարարի, փորձ է արվել տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: