Կփակվի արդյոք Wildberries-ը

ՌԴ Պետդումայում առաջարկել են փակել Wildberries-ը։

Ռուսական խոշորագույն օնլայն խանութներից մեկը՝ Wildberries ընկերությունը, պետք է փակվի, քանի որ այն վարձում և հովանավորում է անօրինական միգրանտներին: Նման հայտարարություն է արել «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Եթե ընկերության ղեկավարը գտնվում է Forbes-ի ցուցակում, իսկ նրա հաճախորդները միլիոնավոր մարդիկ են, ապա դա նրան իրավունք չի տալիս թքել Ռուսաստանի օրենքների վրա և քողարկել անօրինական ներգաղթյալներին», – գրել է Միրոնովը իր Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով՝ Wildberries-ն իրեն հակադրում է երկրին և խանգարում է իրավապահ մարմինների աշխատանքին։ Այս առնչությամբ պատգամավորը կոչ է արել Քննչական կոմիտեի ղեկավարությանը և այլ իրավապահ մարմիններին կոշտ արձագանքել ընկերության գործողություններին։

Միաժամանակ Միրոնովը խորհուրդ է տվել Wildberries-ին աշխատել այլ երկրում կամ ընդհանրապես չաշխատել։ Անցյալ շաբաթ, Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվեց 144 մարդ, վիրավորվեց 551-ը, իրավապահ մարմինները սկսեցին ռեյդեր իրականացնել անօրինական միգրանտներին հայտնաբերելու համար:

Ստուգումներից մեկը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի Wildberries-ի պահեստում։ Ոստիկանության և Ռուսաստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ստուգել են ընկերության գրեթե հինգ հազար աշխատակիցների փաստաթղթերը, այդ թվում՝ զինգրքույկները։ Հաղորդվել է մի քանի տասնյակ ձերբակալվածի մասին։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print