Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելություն կտեղակայվի

Հոկտեմբերի 11-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կկայացնեն: Քաղաքացիական առաքելությունը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահություն ձևավորելու և սահմանազատման աշխատանքները դյուրացնելու համար։ Տեղեկությունը փոխանցում է EurAsia Daily-ն՝ մեջբերելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում։

«Առաքելություն ուղարկելու որոշումը դեռ պետք է հաստատվի անդամ պետությունների (ԵՄ) կողմից՝ Քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովում։ Անդամ պետությունների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը էական նշանակություն ունի Եվրամիության խաղաղասիրական ջանքերի իրականացման համար»,- հավելել է Կլաարը։

Հիշեցնենք, որ Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման արդյունքում։

Ըստ քառակողմ հայտարարության՝ առաքելությունը պետք է սկսի աշխատանքները հոկտեմբերին և գործի երկու ամիս:

Ավելի ուշ «Ազատության» հաղորդմամբ՝ Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում Եվրամիության դեսպանները հաստատել են Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու  առաջարկը։

«Այս պահին քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա»,- «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print