Խաղերը շարունակվելու են մինչև դեկտեմբեր:
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի գարնանային փուլը: Մինչ այս անցկացված մրցումներին շուրջ 14 համալսարանի ավելի քան 300 ուսանող է մասնակցել, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է 20 բուհի 1000-ից ավելի ուսանողների մասնակցություն:
Խաղերի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում տեղի է ունեցել արագ և բլից շախմատի առաջնությունը, որին 12 համալսարանի շուրջ 80 ուսանող է մասնակցել:
Արագ շախմատի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել Շանթ Սարգսյանը (1-ին տեղ, ՀՖԿՍՊԻ), Ալեն Երեմյանը (2-րդ տեղ, ՀՖԿՍՊԻ) և Ռոբերտ Մուրադյանը (3-րդ տեղ, ԵՊԲՀ): Կանանց պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝ 1. Արփինե Գրիգորյանը (ԵՊԲՀ), 2. Աննա Խաչատրյան (Հայ-ռուսական համալսարան), 3. Վերոնիկա Խաչատրյան (Հայաստանի ամերիկյան համալսարան):
Արագ շախմատի կանանց պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է Ամերիկյան համալսարանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը:
Բլից շախմատի մրցումներում 7 տուրից հետո հաղթող են ճանաչվել Շանթ Սարգսյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Ուսանողական խաղերի շրջանակում արդեն անցկացվել է նաև բազկամարտի առաջնությունը: Մրցաշարին 14 համալսարանի շուրջ 120 ուսանող է մասնակցել:
ԵՊՀ հրաձգարանում էլ տեղի է ունեցել հրաձգության առաջնությունը, որին 13 համալսարանի շուրջ 90 ուսանող է մասնակցել: Աղջիկների պայքարում լավագույն եռյակը կազմել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի թիմերը: Տղաների պայքարում լավագույն եռյակն ունեցել է հետևյալ տեսքը՝
1. ՀՖԿՍՊԻ
2. ԵՊՀ
3. ՀԱՊՀ
ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:
Խաղերը շարունակվելու են մինչև դեկտեմբեր: Գարնանային փուլում կայանալու են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի մրցումները: