Նոր կարգը գործում է ապրիլի 1-ից։
Հայաստանի ավտոպահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։
«Հարգելի սպառողներ, ինչպես գիտեք, ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։
Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման ընթացքում բանկային հաշվեհամարի ոչ վավերական լինելու վերաբերյալ հաղորդագրության ստացման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ հանգամանքները.
- Հաշվեհամարը թերի է, ոչ ամբողջական։ Այս դեպքում պետք է ստուգել մուտքագրված հաշվեհամարի ամբողջական և ճիշտ մուտքագրված լինելու փաստը։
- Հաշվեհամարի փոխարեն նշվել են քարտի վրայի թվերը։ Տվյալ քարտին կցված հաշվեհամարը կարող է ճշտվել համապատասխան բանկի բջջային հավելվածի միջոցով կամ անմիջականորեն բանկին դիմելու միջոցով։
- Հաշվեհամարը չի պատկանում ապահովադրին։ Այս դեպքում ապահովադիրը պետք է դիմի բանկ՝ իր անվամբ հաշիվ բացելու համար կամ նոտարական կարգով լիազորի այլ անձի՝ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում վճարվելիք գումարներն ստանալու համար՝ լիազորված անձի հաշվեհամարը մուտքագրելով համապատասխան դաշտում։
- Հաշվեհամարը նոր է ստեղծվել և ՀՀ կենտրոնական բանկի ռեգիստրում դեռևս չեն արտացոլվել տվյալները։ Բյուրոյի տեղեկություններով՝ այդ տվյալներն արտացոլվում են բացվելուց հետո՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս մասով՝ առաջարկում ենք բանկային հաշիվ նոր բացած հաճախորդները դիմեն տվյալ բանկ՝ համապատասխան տվյալների փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու խնդրանքով ՝ նշելով հաշվի բացման նպատակը։ Նշենք նաև, որ Բյուրոն իր հերթին աշխատում է բանկերի հետ՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար բացվող հաշվեհամարների մասին տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկ փոխանցելու գործընթացն արագացնելու նպատակով։
- Մուտքագրված հաշվեհամարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50.1-րդ գլխով նախատեսված հատուկ բանկային հաշիվ է (օրինակ՝ սոցիալական ապահովության (կենսաթոշակային) հաշիվ), որին համաձայն հիշյալ գլխի՝ կարող են մուտքագրվել բացառապես հատուկ նպատակով փոխանցված գումարները (օրինակ՝ կենսափոշակները)։ Այս դեպքում պետք է պայմանագրի կնքման համար մուտքագրել ապահովադրին պատկանող այլ հաշվեհամար։
- Մուտքագրված հաշվեհամարը կցված է «ՄԻՐ» վճարային համակարգի քարտի, որի գծով համաձայն որոշ բանկերի կողմից հրապարակված հայտարարությունների՝ առկա են սահմանափակումներ։
Եթե վերոնշյալ դեպքերից ոչ մեկն առկա չէ, սակայն ԱՊՊԱ պայմանագրի կնքման ընթացքում բանկային հաշվեհամարի ոչ վավերական լինելու վերաբերյալ հաղորդագրություն եք ստացել, ապա խնդրի առաջացման պատճառները բացահայտելու համար խնդրում ենք դիմել տվյալ հաշիվը սպասարկող համապատասխան բանկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։