Այս գիծն ադրբեջանցիներն անշեղորեն տանում են ոչ միայն ներադրբեջանական տիրույթում գործող լրատվամիջոցներում, այլեւ տարածաշրջանային համբավ ունեցող ԶԼՄ-ներում։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնչող մեղադրանքներն ու ագրեսիան ոչ թե նվազեցին, այլ օր-օրի ավելի ռազմատենչ դարձան ու համակարգային բնույթ ստացան։ Դա արտահայտվեց ոչ միայն Արցախը զավթելով, ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ լկտի հավակնություններով, այլեւ Հայաստանի հանքերի, գործարանների, տնտեսվարողների նկատմամբ ոտնձգություններով։
Ադրբեջանի ու նրա ավագ եղբայր Թուրքիայի հայտարարություններին հետեւելիս հստակ պատկեր է գծագրվում՝ շատ լավ հաշվարկված ծրագրի ու քայլերի, որի նպատակն է Հայաստանին ամեն ինչով վնասել, զրկել տնտեսական զարգացման բոլոր հնարավորություններից, ոտքի կանգնելու, հզորանալու, բանակը վերականգնելու հեռանկարներից: Հայաստանը վերածել երբեք չզարգացող, ոտքի կանգնելու հնարավորություն չունեցող մի ճահճի։
Այս գործընթացի մեջ մեծ մաս են կազմում նաեւ բնապահպանական իբր «մտահոգությունները», հանքերի դեմ ոտնձգությունները։ Իսկ առավել ագրեսիվ ու վտանգավոր է թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Մեծամորի ատոմակայանի վրա, այն փակելու հայտարարություն-պահանջները: Դա «հիմնավորելու» համար ադրբեջանական կողմն անգամ «հանրային պահանջի վրա հիմնված հայտարարություններ» է տարածում, խոսում Արաքսի ջրերի «աղտոտման», ԱԷԿ-ի այլ վտանգների եւ այն փակելու անհրաժեշտության մասին։ Այն պարագայում, որ ՄԱԳԱՏԷ-ն ամեն անգամ ստիպված է լինում հայտարարություն տարածելարձագանքելով ադրբեջանական զառանցանքներին
որ Մեծամորի ատոմակայանն աշխատում է անխափան ու համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին։
Ադրբեջանական կողմը չի անտեսել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայում միջուկային էներգետիկային նվիրված գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունը, որ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը երկարաձգվել է մինչեւ 2036 թվականը։ Ալիեւյան, այսպես կոչված, «հասարակական սեկտորը» շտապել է հայտարարությամբ հանդես գալ՝ դիմելով գագաթնաժողովի ղեկավարությանը, որ Հայաստանի ատոմակայանը «վթարային վիճակում է գտնվում եւ գլոբալ վտանգ է սպառնում»։ Նրանց ձայնակցել են նաեւ ալիեւյան, այսպես կոչված, չեռնոբիլցիները, որոնք պահանջել են ԱԷԿ-ն անհապաղ փակել։ Մեծամորի ԱԷԿ-ի «անսարքության ու համաշխարհային վտանգավորության» թեման ադրբեջանցիները փորձում են «տեղավորել» ցանկացած այլ թեմայի մեջ: news.day.az-ում ոմն Ակպեր Հասանով, խոսելով Վրաստանի վարչապետի ու Ալիեւի հանդիպման, դրա ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների մասին, հիշեցնում է, թե որքան «վտանգավոր է աշխարհի համար» ՀՀ ԱԷԿ-ը։
Այս գիծն ադրբեջանցիներն անշեղորեն տանում են ոչ միայն ներադրբեջանական տիրույթում գործող լրատվամիջոցներում, այլեւ տարածաշրջանային համբավ ունեցող ԶԼՄ-ներում։ Օրինակ՝ вестник кавказа-լրատվամիջոցը, որը գործում է Ռուսաստանում ու պատկանում է ադրբեջանցի լոբբիստ Իսմայիլ Ագակիշեւին, փորձագետների հետ մի հաղորդում է նկարահանել այն մասին, թե որքան վատն է ՀՀ ԱԷԿ-ը, ու ինչու է այն անհրաժեշտ օր առաջ փակել։ Հաղորդման վերնագրում Մեծամորի ԱԷԿ-ը համեմատում է Չեռնոբիլի հետ։
Ադրբեջանական CBS հեռուստաալիքով խոսող փորձագետն ահաբեկում է մարդկանց ու տարածաշրջանի երկրներին, որ մեր ԱԷԿ-ը կարող է «ոչնչացնել» ամբողջ տարածաշրջանը, եւ այն աղտոտում է Արաքս գետը։ Էներգետիկ ոլորտում նվազ գիտելիքներ ունեցող եւ անտեղյակ մարդկանց մոտ իսկապես կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ ԱԷԿ-ի գործունեությունը վտանգավոր է եւ սպառնում է տարածաշրջանին, ու բացարձակապես կարեւոր չէ, որ այդ քարոզչությունը չունի ոչ մի մասնագիտական, գիտական կամ որեւէ այլ հիմք։ Կարեւորն այն է, որ թշնամին այդ ուղղությամբ ծավալուն, մտածված, նպատակային աշխատանք է տանում։ Նույն տրամաբանության մեջ, նույն ալիքում Ադրբեջանի բնապահպանության նախարարության հանրային խորհրդի անդամը հայտարարում է, որ հայկական ատոմակայանն այս տարածաշրջանի տակ դրված ռումբ է: Բանը հասել է նրան, որ անգամ Իրանին մեղադրում է, թե «թաքցնում է հայկական ատոմակայանի թափոններն Արաքս գետը լցնելու փաստը»։ Իսկ հայկական կողմի արձագանքն այնքան «անողնաշար» է, որ այս բացահայտ ստին ստիպված էր արձագանքել Իրանի բարձրագույն ղեկավարությունը՝ հայտարարելով, թե նման բան չկա, եւ հասկացնելով, որ ադրբեջանցիները պարզապես զառանցում են։
Ադրբեջանցիները ձեռնպահ չեն մնում նաեւ ՄԱԳԱՏԷ-ի կողմից իբր թե մեզ առաջադրված պահանջները չկատարելու մասին սուտ տեղեկատվություն տարածելուց։ Առաջին հայացքից դա զառանցանք ու ապատեղեկատվություն է թվում, բայց իր սեւ գործն անում է։ Մեկ ամսվա կտրվածքով գրեթե 300 հրապարակում է արվել ադրբեջանական լրատվամիջոցներում՝ հայկական ԱԷԿ-ը փակելու, դրա՝ տարածաշրջանի համար գլոբալ եւ մահացու վտանգ պարունակելու մասին։ Սարսափելի է պատկերացնել այն աշխատանքի ծավալները, որոնք տարվում են միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ։