Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը կազմակերպել էր Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնում է SputnikArmenia-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի վարչությանը։
Պայթուցիկ բեռը Օդեսայից տեղափոխվել էր ՌԴ Բուլղարիայի, Վրաստանի ու Հայաստանի տարածքով։
«Դեռ օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկել են Բուլղարիայի Ռուսե քաղաք, այնտեղից՝ Վրաստանի Փոթի նավահանգիստ, հետո՝ Հայաստան, որտեղ բեռը մաքսազերծել են ԵԱՏՄ կանոններով: Հետո այն Վերին Լարսով ուղարկել են Ռուսաստանի Արմավիր քաղաք, այնտեղից էլ՝ Սիմֆերոպոլ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ–ի տվյալներով՝ Բուլղարիայից Փոթիի նավահանգիստ (Վրաստան), այնուհետև Հայաստան բեռն ուղարկելու կազմակերպմանը ներգրավվել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոկերն ու Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։Բոլոր երթուղիներով բեռի տեղաշարժի վերահսկումն ու մասնակիցների հետ շփումն իրականացնում էր «Իվան Իվանի» անունով ներկայացող Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցը։
Հավելենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն անդրադարձել է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալմանը, մասնավորապես նշելով, որ դրանք հասցեագրվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հանձնարարությամբ:
«Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։