Ուղիղ երկխոսության արդյունքում դրանք հարթելը և դաշնակցային նորմալ հարաբերություններին վերադառնալը միակ խելամիտ որոշումն է։
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով՝ Ռուսաստանը միշտ հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին` որպես իր դաշնակցի և կարևոր գործընկերոջ։
Հայտարարությունում բարձր են գնահատվել հայ և ռուս ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները։
«Անցած այս տարիների ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել, դրական, կառուցողական փոխգործակցության անգնահատելի փորձ է կուտակվել»,- նշել են Ռուսաստանի դեսպանությունում՝ հավելելով, որ երկու երկրերն էլ ընդգրկված են ընդհանուր ինտեգրացիոն կառույցներում` ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում, փոխգործակցում են միջազգային ձևաչափերում: Երկրների միջև ամենատարբեր ոլորտներում գործում են համագործակցության շուրջ 200 համաձայնագրեր և այլ մեխանիզմներ։
«Մեր հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում անվտանգության ոլորտը։ Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն է շարունակում մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում»,- նշված է հայտարարությունում:
Անդրադարձ կա նաև վերջին շրջանի զարգացումներին։
«Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և՛ երկրները, և՛ աշխարհը, որում մենք ապրում ենք։ Ցավոք, մեր հարաբերություններում կան նաև տարաձայնություններ, փոխադարձ պահանջներ։ Բայց երկկողմ հարաբերությունների հիմքը նույնն է մնում։ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային սերտ կապերը, փոխգործակցությունը բոլոր ոլորտներում բխում է ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնական, իրական շահերից:
Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում տարաձայնությունները հարթելը, դաշնակցային նորմալ հարաբերություններին վերադառնալը ոչ միայն հնարավոր է, այլև միակ խելամիտ որոշումն է հանդիսանում»,- նշված է ՌԴ դեսպանության հայտարարությունում։