Միրզոյանը՝ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։

ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում Միրզոյանն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին։

«Նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Վերջինս կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ:

 ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print