Միրզոյան-Լավրով հանդիպման վերջնարդյունքները

Հոկտեմբերի 12-ին Արարատ Միրզոյանի Աստանա այցի օրակարգում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում էր նախատեսված ։

ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարություններին։ Գնահատում ենք նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է, և խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին է», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությանը՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը, իսկ խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։ (ՀԱՊԿ նախագահությունը ռոտացիոն կարգով է։ 2021 թվականից ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն է)

Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում։

 «Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով», – ընդգծել է արտգործնախարարը՝ այս համատեքստում կարևորելով Ռուսաստանի դիրքորոշումը:

Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը։

Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print