ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով հատկացվել է 116,6 մլն դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ

Առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:

ՀՀ կառավարության որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով:

Որոշման արդյունքում կբարելավվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքային պայմանները՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների առումով։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:

Այսպիսով՝ առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, իսկ երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print