40-ամյա տղամարդը կալանավորվել է սպանության մեղադրանքով

Նրա վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

2023թ. հոկտեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ տղամարդը վնասվաքները ստացել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում հնչած կրակոցների ժամանակ։

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անձնական հարաբերություններով պայմանավորված՝ Երևանի 40-ամյա բնակիչը նպատակադրվել է ապօրինի կերպով կյանքից զրկել 54-ամյա համաքաղաքացուն։

Այդ նպատակով, նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի, 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 8 փամփուշտներով։

Այնուհետև, իմանալով, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին 54-ամյա համաքաղաքացին լինելու է վերը նշված դատարանի տարածքում, նշված զենքով զինված գնացել է այնտեղ և հանցավոր մտադրությունն իրագործելու համար դարանակալել։

Ժամը 14:55–ի սահմաններում, երբ 54-ամյա տղամարդը ևս երեք անձի հետ դուրս է եկել դատարանի շենքից և մոտեցել նրանցից մեկի ավտոմեքենային, 40-ամյա տղամարդը վազելով մոտեցել է նրան և իր մոտ ապօրինի պահվող «Байкал-442» մոդելի ատրճանակից թվով չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծանր վնասվածքներ։

Սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց և նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Իսկ 40-ամյա տղամարդը դիմել է փախուստի։

Վերջինիս վերջնական մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նրա վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ներկայացված՝ հանցագործության գործիք «Байкал-442» մոդելի ատրճանակի ձեռքբերման, ձևափոխման և այլ հանգամանքներ պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print