Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ՌԴ ԱԳՆ

Ըստ ռուսական կողմի գնահատականի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել այսօր Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է, որ այս հանդիպումը համարում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելուն ուղղված հերթական փորձ՝ հավաքական Արևմուտքի կողմից։

«Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կողմից անպատասխանատու և ապակառուցողական կերպով միջամտելը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հարաբերություններում սեպ խրելու ցանկությունը կարող է խիստ բացասաբար ազդել տարածաշրջանում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման վրա, առաջացնել նոր բաժանարար գծեր, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ։

Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,- նշված է ՌԴ ԱԳ նախարարությունում։

Ըստ ռուսական կողմի գնահատականի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, իր երկրի տարածքից դուրս բերի ռուսական 102-րդ բազան ու ռուս սահմանապահներին։

«Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը կարող է առաջացնել անվտանգության վակուում, տնտեսության մեջ լուրջ խնդիրներ և բնակչության արտագաղթ։

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ համագործակցությունից և ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից»,- նշված է հայտարարությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print