«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանի նավթի պաշարների սպառման մասին տարբեր հրապարակումներ եղան։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին հարցրինք` արդյոք Ադրբեջանի նավթի պաշարները մո՞տ են սպառվելուն, եւ դա ի՞նչ հետեւանք կունենա մեր տարածաշրջանի վրա:
– Ադրբեջանում վերջին 2-3 տարիներին նավթի արդյունահանման տեմպերը շատ մեծ արագությամբ են նվազում։ Եթե նախկինում տարեկան 3 տոկոս արագությամբ էին նվազում, ապա վերջին 2-3 տարում՝ գրեթե 15 տոկոսով։ Դա լուրջ խնդիր է իրենց համար, որովհետեւ, եթե 10 տարի առաջ իրենք տարեկան 50 միլիոն տոննա նավթ էին արդյունահանում, ապա անցած տարին ամփոփել են 30 միլիոն տոննայով, այսինքն՝ մոտավորապես 40 տոկոս, ընդհանուր առմամբ, նվազում ունեն։ Այս տեմպերը եթե իրենք չկարողանան կանգնեցնել, 5-6 տարի հետո կկանգնեն լուրջ կատաստրոֆայի առաջ, որովհետեւ 5-6 տարի հետո մի 30 տոկոս ավելի պակաս կլինի արտահանումը, քան այսօր է։ Այսինքն՝ նույնիսկ եթե իրենք ամբողջն արդյունահանեն եւ վաճառեն, դա չի հերիքի իրենց պետական բյուջեն կատարելու համար։ Այդ առումով, այո, իրենք լուրջ խնդիրներ ունեն։
– Արդյունահանման պակասելը նավթի պաշարների պակասելու հե՞տ է կապված։
– Այո, պաշարներն են պակասում, բացի այդ, նախկին տարիներին շատ ագրեսիվ քաղաքականություն էին վարում նավթի արդյունահանման համար, իրենց նույնիսկ շատ փորձագետներ զգուշացրել էին, որ այսպիսի տեմպերով չի կարելի արդյունահանել, բայց քանի որ իրենք միշտ ֆինանսական շատ լուրջ խնդիրներ են ունեցել, դա անում էին, որ կարողանային այդ խնդիրները փակել։
– Եվրամիության հետ հայտնի պայմանագիրն այդ խնդրից իրենց չի՞ ազատում։
– ԵՄ-ի հետ իրենք գազի մատակարարման պայմանագիր են կապել։ Գազի արդյունահանումն իրենց մոտ ավելին է, բայց գազն այդքան եկամուտ չի բերում, որքան նավթը։ Իրենց եկամտի հիմնական աղբյուրը նավթն է։
– Արցախի եւ Հայաստանի վրա հարձակումները կարո՞ղ ենք կապել էներգետիկ անվտանգային խնդիրների հետ։
– Գիտեք, շատ բաների հետ կարելի է կապել։ Եթե դիտարկենք այն պատերազմները, որ իրենք վարել են մեր դեմ՝ թե՛ 2016-ի քառօրյան, թե՛ 2020-ի 44-օրյան, այդ երկու պատերազմներն էլ համընկել են նավթի ցածր գների հետ։ Այսինքն՝ նավթի գինը համաշխարհային շուկայում ընկնում է, իրենց եկամուտները կրկնակի, եռակի նվազում են, իրենք իրենց ագրեսիվ գործողությունները սկսում են Հայաստանի դեմ։ Այսինքն՝ այդ համընկնումը կա ու որոշակի սոցիալական խնդիրների մասին է խոսում։ Միայն դրանով չի բացատրվում, այլ պատճառներ էլ կան, բայց սա կարեւոր պատճառներից մեկն է։
– Տեսակետ կա, որ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրենց ոտնձգություններն էլ այլ հիմք ունեն` ուզում են իրենցով անել մեր հանքավայրերը, որ նավթի պաշարների սպառման դեպքում կարողանան ֆինանսական հոսքերով իրենց ապահովել։ Որքանո՞վ են իրական այս տեսակետները։
– Չգիտեմ, չեմ կարող ասել։ Իմ կարծիքով, իրենց այդ ագրեսիվությունն ավելի շատ կախված է մեր այսօրվա գործող քաղաքական ռեժիմի թուլամորթությունից, քանի որ անողնաշար մարդիկ են նստած իշխանության, ինչը նրանք մաքսիմումով օգտագործում են։ Չեմ կարծում, որ այն հանքերը, որ կան Հայաստանում, այդքան եկամտաբեր են։
– Ուսումնասիրություններ կա՞ն, թե որքան ժամանակ հետո Ադրբեջանում այլեւս չեն կարողանա նավթ արդյունահանել։
– Ըստ British Petrolium-ի ուսումնասիրության՝ իրենք տալիս են 20 տարի ժամանակ։ Հիմա իրենք 30 միլիոն տոննա ունեն, եթե 5 տարի հետո այդ 30 միլիոն տոննան դառնա 20 միլիոն, արդեն իրենց համար ոչ թե ճգնաժամ, այլ աղետ կսկսվի»։
Մանրամասները՝ այստեղ։