🎦Օրսկում ամբարտակն ամբողջությամբ փլուզվել է

Ջրի տակ են անցել ավելի քան 2400 բնակելի տուն և 3065 տնամերձ տարածք։

Ռուսաստանի Օրսկ քաղաքում ամբարտակը չի կարողացել զսպել ջրի հոսքը և ամբողջությամբ փլուզվել է: Դրա մասին ТАСС –ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։

Գործակալության զրուցակիցն ասել է, որ ներկայում Ուրալ գետի ամբարտակն ամբողջությամբ ավերված է։ Նա նշել է, որ մեկ օրում Ակտոբեի ջրամբարից բաց թողնված ջրի ծավալն ավելացել է երեք անգամ։ Ափերն ամրացվում են, որոշվում է հետագա ինժեներական աշխատանքների հարցը։

Օպերատիվ ծառայություններից հավելել են, որ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ տեղեկություններ են փոխանակվում։

Ներկա պահին Օրսկում ջրի տակ են անցել ավելի քան 2400 բնակելի տուն և 3065 տնամերձ տարածք։ Տարհանվել է 711 մարդ, նրանց թվում՝ 210 երեխա։

Ժամանակավոր տեղավորման կենտրոններ են տեղափովել 257 մարդ, նրանց թվում՝ 76 երեխա։

Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ քաղաքում հայտնաբերվել է երեք մարդու դի, մահվան պատճառը պարզվում է: Ընդ որում հայտնի է, որ զոհվածներից մեկը հրաժարվել էր տարհանվել։

Տեղական կառավարության մամուլի ծառայությունը ТАСС –ի թղթակցին հայտնել է նաև, որ Օրենբուրգի շրջանի Օրսկի Հին քաղաքում պարեկները հնարավոր ջրհեղեղի տարածքում երկու դի են հայտնաբերել։ Նախնական տեղեկություններով՝ նրանց մահը ջրահեղձման հետ կապված չէ։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ ջրհեղեղը դեռևս չի հասել գագաթնակետին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print