Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

Քրեական գործը դատարանում է 2022թ․նախ՝ գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա՝ տեղափոխվել Երևան, որտեղ երկու անգամ դատական կազմ է փոխվել։

2021թ․ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի սպանության գործով մեղադրյալներ Աղվան Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը շարունակում են մնալ կալանքի տակ։ Դիրքի ավագին՝ Սամվել Գրիգորյանին, կալանքի տակ պահելու հարցով նրա պաշտպանը դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից։

Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը (Աղվան Հովհաննիսյան)։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը (Սամվել Գրիգորյանը)՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, սակայն նախաքննությամբ սեռական բռնությունը հերքվել է, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։ Վերջիններս առ այս պահը կալանքի տակ են։

Քրեական գործը դատարանում է 2022թ․նախ՝ գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա՝ տեղափոխվել Երևան, որտեղ երկու անգամ դատական կազմ է փոխվել։

Ինչպես արդեն արձանագրվեց՝ մեղադրյալները շարունակում են կալանքի տակ գտնվել։

«Սամվել Գրիգորյանի անհիմն և շարունակական կալանքի երկարաձգման հետ կապված դիմել եմ ՄԻԵԴ՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հիմքով։ Ամեն 3 ամիսը մեկ, նույն տրաֆարետային և ստանդարտ ձևակերպումներով, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվում է»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ սա այն դեպքում, երբ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր Սամվել Գրիգորյանի իրավունքների խախտումը՝ դեռեւս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացրած որոշման դեմ բողոքը քննելիս։ Մասնավորապես, երբ գործը դատարան էր ուղարկվել և առաջին անգամ երեք ամիս ժամկետով երկարացվել էր Գրիգորյանի կալանավորման ժամկետը, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ ճանաչելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված Սամվել Գրիգորյանի իրավունքի խախտման փաստը:

Ինչ վերաբերում է գործի բուն քննութանը, ապա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի փոխանցմամբ՝ գործն այժմ ապացույցների հետազոտման փուլում է գտնվում։ Մասնավորապես, հետազոտվում են գործում առկա գրավոր ապացույցները, ապա՝ ըստ հաջորդականության՝ դատարանը կանցնի իրեղեն ապացույցների հետազոտմանը, այնուհետև՝ վկաների հարցաքննությանը։

Իսկ թե որն էր, ի վերջո, սպանության շարժառիթը՝ պաշտպանի համար ևս անհասկանալի է։ Նրա խոսքով՝ որևէ մեկը՝ մեղադրանքի կողմը, շառժառիթի մասին կոնկրետ որևէ փաստարկ չի ներկայացրել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print